Վերջին ամիսներին Ռուսաստանը ժամանակակից սպառազինում է տեղակայում Կալինինգրադի շրջանում, այդ թվում «Ս 400» ՀՕՊ համալիրներ, 450 կմ գործողության շառավղով «Բաստիոն» հականավային հրթիռներ ու «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, որոնց վրա հնարավոր է միջուկային մարտագլխիկներ դնել, գրում է Bild–ը։
Եվ այսպես, գերմանացի գեներալ Հանս Լոտար Դոմրյոզեն համարում է, որ ռուսներն այս ամենն անուն են «զսպման նպատակով, որպես ճնշման միջոց ու իրենց ուժի ցուցադրում»։ «Պուտինը քայլ առ քայլ վերադառնում է համաշխարհային ասպարեզ։ Հիմա նա դարձել է խաղացող, որին հնարավոր չէ շրջանցել»,- ասում է Դոմրյոզեն։ Միաժամանակ, նման սպառազինման տեղակայումը, ըստ գեներալի, չի կարելի բացատրել զուտ պաշտպանական նկատառումներով։ «Այդ հրթիռային համալիրները գործողության հսկայական շառավիղ ունեն, ինչի պատճառով էլ դրանք դուրս են գալիս պաշտպանական պահանջների շրջանակից»։
ՆԱՏՕ-ի սահմաններին ավելացնելով իրենց ռազմական ներկայությունը՝ ռուսներն ուզում են ազդել իրադարձությունների հետագա զարգացման վրա, ենթադրում է նա։
«Մասնավորապես նրանք ուզում են ստեղծել սպառնալիքի սցենար, որպեսզի ՆԱՏՕ-ին ստիպեն չավելացնել ռազմական հզորությունը Մերձբալթյան տարածաշրջանում ու առաջ չշարժվել դեպի հետխորհրդային տարածք»,- համարում է փորձագետ Շտեֆան Մայսթերը։ Մասնագետն այս հարցում հատուկ դեր է հատկացնում միջուկային զենքին։ «Դրանով ռուսները ՆԱՏՕ-ի հետ հավասար դիրքերում են հայտնվում։ Դրա շնորհիվ նրանք կարող են փոխհատուցել իրենց թուլությունը կոնվենցիոն սպառազինումներում»։ Նաեւ իրենց համակարգերի օգնությամբ նրանք կարող են զգալիորեն սահմանափակել դաշինքի զորքերի տեղաշարժի ազատությունը։
Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի բեռլինյան բյուրոյի վերլուծաբան Գուստավ Գրեսելը վստահ է, որ «ՆԱՏՕ-ն Մերձբալթիկային կկարողանա պաշտպանել միայն այն դեպքում, եթե ռազմանավերով կամ օդանավերով արագ ամրապնդում հասցնի, իսկ դրա համար նա ստիպված կլինի ոչնչացնել Կալինինգրադում ռուսների հրթիռային միավորումները, ինչը կնշանակեր հարձակում ՌԴ տարածքի վրա»։ Դրա համար էլ «Ռուսաստանի հարձակումը մերձբալթյան պետությունների վրա ճակատագրական կլիներ», արձանագրում է Գրեսելը, որն այս սցենարը միանգամայն իրատեսական է համարում։ Ռուսաստանը, նրա խոսքով, «դեռ 2009-ից սկսած զորավարժություններ է անցկացնում է Մերձբալթիկա ներխուժելու նպատակով»։
Միջուկային զենքն էլ իր հերթին, ըստ ռուսական կողմի հաշվարկների, ընդամենը մեկ նպատակի կծառայի։ «Ի վերջո, Մերձբալթիկայի պատճառով ՆԱՏՕ-ն չի կարողանա ռիսկի գնալ՝ հաշվի առնելով նոր էսկալացիայի ու նախեւառաջ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը։ Այսպիսով ռուսները կկարողանան Արեւմուտքին ծնկի իջեցնել»,- շարունակում է Գրեսելը։
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումն անիրատեսական է։ «Բայց ռուս գեներալների ներկա սերունդը լիարժեք չի գիտակցում միջուկային զենքի կիրառման բնապահպանական հետեւանքները։ Նրանք ծայրաստիճան թեթեւամիտ են միջուկային զենքի հարցերում ու դա չի կարող չմտահոգել»,- նախազգուշացնում է Գրեսելը։



























