Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների Կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, հայտարարում է ISTC Համատեղ Հետազոտական Դրամաշնորհ Ծրագրի մեկնարկը (ISTC ՀՀԴԾ), որը ստեղծված է ակադեմիայի եւ տնտեսության փոխհարաբերության, հետազոտությունների զարգացման եւ շուկայականացման նպատակով։

«Գնահատելով Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ ֆինանսավորման հնարավորությունների սակավությունը` որոշեցինք նախաձեռնել ISTC Համատեղ Հետազոտական Դրամաշնորհների Ծրագիրը։ Ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցել գիտնականներին, որոնք աշխատում են նորագույն տեխնոլոգիական ոլորտներում հետազոտությունների վրա` տրամադրելով ֆինանսական աջակցություն, աշխատելու համար ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ աջակցություն միջազգային դրամաշնորհներին դիմելու հարցում։ Մենք նպատակ ունենք այս ծրագրով խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում եւ ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- ասել է ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հիմնական հետազոտական ուղղությունները, որոնցով հետաքրքրված է կենտրոնը, համընկնում են IBM-ում ներկայումս առաջնային ուղղություններ համարվող ոլորտների հետ։ Կենտրոնի նպատակն այն է որ հաջող ծրագրերի դեպքում ստեղծվի համագործակցություն հայաստանյան եւ IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի միջեւ։«Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի նաեւ այս ուղվածությամբ մեր երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, որը հնարավորություն կտա տեղացի գիտնականներին մի քանի շաբաթ անցկացնել ԱՄՆ գործընկերների հետ եւ հաստատել համագործակցության եզրեր»,- հավելել է Արեգ Գեւորգյանը։

ISTC-ն կաջակցի ծրագրերի, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչեւ փորձարկման, թեստավորման, համակարգերի վավերացման իրական աշխարհում / աշխատանքային պայմաններում: Այն ուղղված է համեմատաբար հասուն նոր տեխնոլոգիաներին, գաղափարներին, գործընթացներին եւ բիզնես մոդելներին, որոնց պետք է վերջին զարգացման քայլը՝ շուկա հասնելու համար:

ISTC ՀՀԴԾ-ի շրջանակներում տրամադրվելու է՝ դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլար չափով՝ մեկ տարվա հետազոտական աշխատանքի համար, IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, աջակցություն առեւտրայնացման ստրատեգիայի մշակման համար եւ աջակցություն համատեղ միջազգային դրամաշնորհին դիմելու հարցում:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18։00-ին ISTC-ում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7րդ մասնաշենք 6րդ հարկ) տեղի կունենա ինֆորմացիոն հանդիպում, որտեղ բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են գալ եւ ստանալ մանրամասն տեղեկություն ծրագրի մասին։

 Դրամաշնորհի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը 2016թ դեկտեմբերի 14-ն է: Դիմել կարելի է հետեւյալ հղումով։