Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի հին շենքում այսօր՝ նոյեմբերի 29-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, որտեղից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը նշեց, որ դպրոցում ոչ մի արտառոց բան չի պատահել, նրա խոսքով՝ 5-րդ դասարանցիների դասարանի հատակին նավթ է թափվել, որն էլ սկսել է վառվել:

«Ոչ մի հրդեհ էլ չի եղել, ընդամենը մի քիչ նավթ է հատակին թափվել, որն էլ սկսել է վառվել: Բոլոր դպրոցներում, որտեղ նավթի վառարաններով է ջեռուցվում, նման դեպքեր լինում են: Դա տեղի է ունեցել դասամիջոցին, երեխաները դրսում են եղել, ծուխը տեսել են եւ չգիտեմ՝ ով զանգել է ԱԻն»,-ասաց նա՝ նշելով, որ վառվել է դասարանի հատակից մի փոքր մաս:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վարդենիսի դպրոցի նոր շենքի շինարարությունն ավարտվել է, սակայն, աշակերտները նոր շենք չեն կարողանում տեղափոխվել՝ գույք չլինելու պատճառով: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դիմել են մարզպետարան, սպասում են, որպեսզի իրենց օգնեն դպրոցի գույք ձեռք բերելու հարցում: Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ աշակերտները ձմռանն արդեն դասի կգնան նոր եւ բարեկարգված շենքում:

Հիշեցնենք, որ աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:

Լուսանկարը՝ Hetq.am-ի