Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանից: Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին որոշումը նրա շահերի պաշտպաններին չի ուղարկվել եւ պաշտպաններն այդ մասին տեղեկացել են մամուլից եւ Սեֆիլյանի հարազատներից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 20-ի դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը մինչ այսօր անազատության մեջ է։




























