Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում բնակվող Արթուր Սեդրակյանի ընտանիքը ձմռան շեմին հայտնվել է անելանելի վիճակում: Հայրական տունը, որտեղ ապրում է Արթուրի բազմանդամ ընտանիքը, ժամանակի ընթացքում խարխլվել է, տանիքի ծածկն այնքան է ծակծվել ու մաշվել, որ անձրեւից ու ձնահալից հետո ստիպված են լինում տան տարբեր անկյուններում տարաներ շարել՝ թափվող ջուրը հավաքելու համար:

«Կռիշս փուլ ա գալիս, խնդրում եմ, գրեք, կարող ա օգնեն: Երեք -չորս տարի ա, էս օրին ա, չեմ կարում, որ սարքեմ»,- ասում է Արթուրը, ով 3-րդ կարգի հաշմանդամ է:

Արթուրը 5 երեխա ունի, ավագը 13 տարեկան է: Երեխաներից 4-ը հաճախում են խնամքի կենտրոն, փոքրը՝ Լիլին, 1.4 տարեկան է:

«Հնար չունեմ, որ երեխեքիս սովորական դպրոց տամ: Տվել եմ խնամքի կենտրոն, որ գոնե կարենան մնան, նորմալ քնելու տեղ ունենան: Մի 10 օրը մեկ բերում եմ տուն, տանում: Չեմ կարում առանց երեխեքիս մնամ»,- նշում է հայրը:

Ընտանիքի հիմնական եկամուտը 55.000 դրամի չափով ընտանեկան նպաստն ու հաշմանդամ հոր 16.000 դրամ թոշակն է:

Արթուրի խոսքով՝ այդ գումարով չի կարողանում երեխաների համար նորմալ կեցության պայմաններ ապահովել:

«Փետ չունեմ, պագրիշկա եմ վառում,- պատմում է Արթուրը,- գոնե մի քիչ փայտով օգնեին, կարողանայինք տունը տաքացնել»:

Ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել Արթուրին՝  094977614

հեռախոսահամարով: