«Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանն իր կողմից որպես նախապայման առաջ չքաշեց Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հարցը, բայց Թուրքիան այդքան մեծահոգի չգտնվեց եւ մինչ օրս էլ չի հրաժարվել բոլորին հայտնի իր երեք նախապայմաններից»,- այսօր ՀՅԴ հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ու թվարկեց այդ նախապայմանները` 1-ին. ցեղասպանությունից եւ դրա հետապնդումից հրաժարում, 2-րդ` ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ 1920 թ թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ Հայաստանին պարտադրված սահմանները եւ 3-րդ` զիջումներ ի օգուտ Ադրբեջանի:
«Հայաստանի նոր նախագահի եւ նոր ԱԳ նախարարի հրապարակային բանակցությունների ճանապարհով արագ արդյունքների հասնելու ձգտումը մենք որակում ենք առնվազն որպես անզգուշություն, որի գինը մեր ժողովրդի համար կարող է թանկ լինել»,- ասաց նա ու ներկայացրեց «ֆուտբոլային դիվանագիտության» 14 ամիսներին Թուրքիայի ձեռքբերումներն ու Հայաստանի կորուստները:
«Թուրքիան արձանագրել է շոշափելի նվաճումներ.
1. Այսօր աշխարհով մեկ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցված վիճակում է: Մենք տեղեկություն ունենք որոշ երկրներից, որոնք ժամանակին ճանաչել ու դատապարտել են ցեղասպանությունը, իսկ այսօր փոշմանում են եւ իրենց քայլը դիտում որպես դիվանագիտական սխալ:
2. Կտրուկ աճել է Թուրքիայի միջազգային հեղինակություն: Այսօր ոչ ոք չի հիշում ՀՀ նախագահի Գյուլին Հայաստան հրավիրելու այսպես կոչված խիզախ քայլը: Բոլոր լրատվամիջոցները լծված են թուրք նախագահի Հայաստան այցելելու խիզախ քայլը գովաբանելով:
3. Թուրքիան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ, ընդլայնել իր կապերը Ռուսաստանի հետ, այսօր էլ լուծում է սիրիա-իրաքյան հարաբերությունները:
4. ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի հնարավորությունները աճել են»:
Իսկ Հայաստանն, ըստ Վ. Հովհաննիսյանի, միայն կորուստներ է ունեցել.
«1. Նախագահ Օբաման ետ կանգնեց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումից, որի կատարամանը շատ մոտ էր:
2. ԱՄՆ-ի դատարանը որոշեց ցեղասպանության զոհերի ժառանգներին զրկել նյութական փոխհատուցումից:
3. Ռուսաստանի քաղաքականության մեջ ավելի ու ավելի նկատելի է դառնում Հայաստանի շահերի անտեսումը: Օրինակ վերջին նախաձեռնությունը ողջունող իր հայտարարության մեջ Ռուսաստանը Թուրքիային եւ Հայաստանին հավասարաչափ դիտում է որպես բարեկամ երկրներ: Ռուսաստանում կարծես մոռացել են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը` ՌԴ ռազմավարական դաշնակից:
4. Խորանում է Սփյուռքի օտարումը Հայաստանից:
5. Վրաստանի իշխանությունների կողմից կսմիթներով հող պոկելը նույնպես պայմանավորված է նրանով, որ Հայաստանի համակերպվելու հոտն են զգացել:
6. Առաջին անգամ է, որ թուրք դիվանագետը անձնական վիրավորանք է հասցնում ՀՀ նախագահին` խորհուրդ տալով նրան որպես պարզ ֆուտբոլասեր, գնալ Թուրքիա ինքնաթիռով»:
Այս ամենը, ըստ դաշնակցական գործչի, վկայում է, որ բանակցային գործընթացն իր դեռեւս անավարտ տեսքով արդեն հարվածել է ՀՀ շահերին եւ միջազգային հեղինակությանը:




























