Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության փաստը:

Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (20 տարեկան, Ստեփանակերտի զինկոմիսարիատ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին եւ հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Հատկանշական է, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին կամ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երեք երկրների նախագահների Սանկտ-Պետրեբուրգում հանդիպման հաջորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել է Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը, ինչի արդյունքում հայկական կողմից զոհվել է չորս զինվոր, վիրավորվել՝ եւս չորսը:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներն այսօր` հոկտեմբերի 27-ին հանդիպելու են ՌԴ Աստրաքան խաղաքում եւ քննարկելու են ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: