Ադրբեջանի լրատվամիջոցները բանտարկյալների խոշտանգումների մասին նոր տվյալներ են հայտնել:
Փաստաբան Էլչին Սալիգովը Turan-ին հայտնել է, որ realliq.info պորտալի խմբագիր Իքրամ Ռահիմովը Սումգայիթի քաղաքային դատարանի վճռով դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: ՔՕ 147.2 հոդվածով (ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ զրպարտում) նույնպիսի ժամկետով ազատազրկման է դատապարտվել նաեւ Ռահման Նովրուզովը:
Այս անձինք կալանավորվել են «Հուրիյեթ» թերթում «Ուջուզ մարքեթ» առեւտրի կենտրոնների հարկերից խուսափելու վերաբերյալ հոդվածի հրապարակումից հետո: Նովրուզովը տեղեկատվության աղբյուրն էր, իսկ հոդվածի հեղինակը վկայակոչել էր Հարկային նախարարության փաստաթղթերը: Հոդվածում նաեւ նշված էր, որ «Ուջուզ մարքեթ» առեւտրի կենտրոնները փակվել էին Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Զաքիր Ֆարաջեւի կողմից եւ բացվել միայն նրան կաշառք տալուց հետո: Որպես մասնավոր մեղադրյալ է հանդես եկել «Ուջուզ մարքեթ» ցանցի ղեկավար Վուգար Գալանդարովը:
Փաստաբանը հայտնել է, որ Ռահիմովը կալանավորվել է նոյեմբերի 25-ին՝ դատարանի դահլիճում, բայց նրան ոչ թե ժամանակավոր պահման մեկուսարան են տարել, այլ Սումգայիթի ոստիկանության քաղաքային վարչություն, որտեղ նրան երեք օր ապօրինի պահել են եւ խոշտանգել պետի տեղակալ Հիքմեթ Ղասիմովի աշխատասենյակում: Նրանից պահանջել են ներողություն խնդրել Սումգայիթի ղեկավարից: Երբ նա հրաժարվել է, նրա գլխին են հագցրել պոլիէթիլենե տոպրակ եւ այդպես այնքան են պահել մինչեւ չի սկսել շնչահեղձ լինել: Նրանից կրկին ներողություն են պահանջել, եւ այդ ամբողջ գործընթացը տեսանկարվել է, իսկ Ֆարաջեւն այդ ամենին հետեւել է օնլայն:
Խոշտանգումներին չդիմանալով՝ Ռահիմով գլխով խփել է աթոռի եզրին՝ վնասելով քունքը, որից հետո խոշտանգումները դադարեցվել են: Խցիկներն անջատելուց հետո ոստիկաններն ասել են, որ Ռահիմովը ճիշտ է, բայց իրենք Ֆարաջեւին են ենթարկվում, քանի որ նա է իրենց «նախարարը»:





























