Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կրկին եկել էր կառավարության դիմաց եւ պահանջում էր իրեն վերականգնել իր աշխատանքին: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Երանոսյանը նշեց, որ իր հետ կառավարության դիմաց է բերել վարչապետի այն նամակը, որով նա հանձնարարություն էր տվել վերականգնել իրեն նախկին աշխատանքին:
«Եկել եմ վարչապետին ասեմ, որ իր հրամանին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես ինձ հետ բերել եմ նրա նամակը, որով հրաման է տվել, որպեսզի լուծեն իմ աշխատանքի խնդիրը: Վարչապետին արհամարհում են Վարդենիսի ոսկու հանքում: Ես ուզում եմ, որ ինձ վերականգնեն, ես էլ իմ վարկերը կարողանամ մուծել: Ոչ մի կոնկրետ պատճառաբանություն չի տալիս գործարանի տնօրինությունը, միայն ասում են՝ մենք չենք ուզում ձեզ ընդունել աշխատանքի: Ուզում եմ վարչապետին տեսնեմ, ասեմ, որ արհամարհած ունեն իրեն»,-ասաց նա:
Ավելի վաղ Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կառավարությունից ոսկու հանքի տնօրինությանը հանձնարարական է տրվել՝ իր աշխատանքի խնդիրը շուտափույտ լուծել: Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:
Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է: Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:




























