Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել կառավարության դիմաց: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ 2012թ. «Արցախ» բանկի կադրերի պետ Անուշիկ Շահրամանյանն իրենց գումար է վերցրել,  մինչեւ այժմ հետ չի վերադարձրել եւ հացադուլով պահանջում է իր գումարը:

«Խարդախությամբ տիրացել է գումարներիս: Ինձ ասացին, որ տալիս են բանկի տնօրենին՝ Աշոտ Մալխասյանին, գնում նրանից եմ ուզում, ասում են՝ ինձ գումար չեն տվել: Տեղի ունեցավ դատ, որի ժամանակ ինձ ճանաչեցին վաշխառու՝ ես դարձա ամբաստանյալ, Անուշիկը տուժող: Հետո Անուշիկ Շահրամանյանը խնդրեց՝ մի բողոքարկի, մի ամսից էդ խնդիրը կլուծվի, բայց մի ամսից էլ ոչինչ չլուծվեց: Դիմել էի վարչապետին, նա էլ գործը դատախազին էր հանձնարարել, բայց ոչինչ չարվեց: Անուշիկի հետեւում այնպիսի ուժեր են կանգնած, որ դատախազությունն էլ չի կարողանում ազդել դրանց վրա: Հայաստանում գոյություն ունի շակալների ոհմակ, որոնք ժողովրդի արյունը տզի նման ծծում են: Իսկ դրանց դեմ պայքարելու ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բացի հացադուլից»,-ասաց նա: