Հայ խորհրդարանականները հոկտեմբերի 27-ին հարգել են Ազգային Ժողովում 1999-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Մինչ ԱԺ նիստը պատգամավորները ծաղիկներ են դրել խորհրդարանի բակում դրված հուշաքարին: Բացի պատգամավորներից, հուշաքարի մոտ են եկել նաեւ ահաբեկչության զոհերի հարազատները՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը Ստեփան Դեմիրճյանի կնոջ հետ: Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը նախընտրել էին հարգել զոհերի հիշատակը նրանց գերեզմանների մոտ:

Ծաղիկներ դնելու արարողությունից հետո Հովիկ Աբրահամյանը կարճ զրույց ունեցավ զոհված պետական գործիչների հարազատների հետ: Իսկ արդեն նիստերի դահլիճում Աբրահամյանն ասաց, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ոչ միայն ողբերգություն է, այլեւ հանցագործություն հայկական պետականության դեմ:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 11 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը: