Եթե անգամ Վրաստանի նավթագազային ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը գնելու առավել շահավետ առաջարկը ստացվի Ադրբեջանի «Socar» ընկերությունից, դրանում Հայաստանի համար ռիսկեր չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Socar»–ի նախկին խորհրդական, վրացի տնտեսագետ Գիա Խուխաշվիլին։

Նրա խոսքով՝ դա բաց աճուրդ է, ուստի դրան կարող են մասնակցել բոլորը։ «Ես հասկանում եմ Հայաստանի մտահոգությունը, սակայն կարծում եմ, որ այն անհիմն է երկու պատճառով. առաջին՝ բաժնեմասերի 25 տոկոսն ընկերությանը ոչ մի վերահսկիչ գործառույթ չի տալիս։ Այնպես որ անգամ ցանկության դեպքում ադրբեջանական ընկերությունը չի կարող որեւէ գործողություններ կատարել, որոնք այս կամ այն կերպով կվնասեն հայկական կողմին։ Երկրորդ՝ եթե անգամ նրանք ինչ–որ կեպ կապ ունենան մենեջմենթի հետ,  ապա հարկ է նշել, որ դա միջազգային ընկերություն է, եւ նրանք գործում են բոլոր ստանդարտներով եւ սկզբունքներով, որոնք սահմանում է ածխաջրածինների եւ էներգակիրների տեղափոխության միջազգային իրավունքը»,– ընդգծեց Խուխաշվիլին։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նա նշեց, որ այդ հարցը դեռ լուծված չէ։ «Եվ եթե լուծվի էլ, հետո՞ ինչ։ Վրաստանը նույնպես ժամանակին ստիպված էր անհանգստանալ ռուսական կողմից Հայաստանի երկաթուղիները ստանալու եւ «Հարավկովկասյան երկաթուղու» ի հայտ գալու կապակցությմաբ։ Դա ձեր ինքնիշխան իրավունքն է, եւ Վրաստանը նույնպես նման իրավունքներ ունի, բայց կան նաեւ հայկական կողմի առաջ ստանձնած պարտավորություններ, որ այդ գազատարով ամեն բան պետք է հստակ անցնի։ Այնպես որ այդ պարտականությունները կկատարվեն։ Դրանք կոմերցիոն գործեր են, եւ այստեղ ոչ մի քաղաքականություն չկա»,– վստահեցրեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Վրաստանն ունի իր պետական պարտավորությունները հայկական կողմի առաջ։ «Անգամ եթե ենթադրենք, որ մենք ինչ–որ մեկին կվաճառենք բաժնեմասերի 10 տոկոսը, ամեն դեպքում երկիրը պահում է իր պարտավորությունները՝ ապահովել նորմալ, քաղաքակիրթ կոմերցիոն գործունեություն։ Այնպես որ ես չեմ կարծում, որ այդ  կապակցությամբ պետք է մտահոգվել»,– ասաց Գիա Խուխաշվիլին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ երկրի նավթագազային ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում, իսկ ադրբեջանական «Socar»–ն իր հերթին հայտնել է ամբողջ գազատարը գնելու մտադրության մասին։