Օրերս Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) ճանաչողա-ուսուցողական այցով եղել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը կրել է «Փեշմերգա. Ազատության եւ խաղաղության բանակ» խորագիրը: Այցը հյուրընկալվել է DEMYC-ի աֆիլացված անդամ հանդիսացող Քրդստանի ժողովրդավարական երիտասարդական միության (KDYU) կողմից:
Նախաձեռնության մասնակիցների թվում է եղել ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, DEMYC փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Ծրագրի նպատակն էր բացահայտել Մերձավոր Արեւելքում առկա մարտահրավերները, ծանոթանալ տարածաշրջանային հիմնական ուժերի միջեւ եղած հակամարտություններին եւ Իրաքյան Քրդստանի առջեւ ծառացած խնդիրներին, ինչպես նաեւ քննարկել «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի վերաբերյալ հիմնահարցերը:
Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Քրդստանի անվտանգության խորհրդի կանցլերի, Քրդստանի արտաքին գործերի նախարարի, բնակարանաշինության եւ վերակառուցման նախարարի, Քրդստանի վարչապետի եւ Քրդստանի բանակի՝ Փեշմերգայի գլխավոր հրամանատարի հետ:
Ծրագրի մասնակիցներն այցելել են նաեւ առաջնագիծ, որը գտնվում է Մոսուլ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա` տեղում ծանոթանալու համար տիրող իրավիճակին եւ քննարկելու պատերազմական գործողությունների հետեւանքներն ու մարտահրավերները:
Ծրագրի ընթացքում կայացել է նաեւ DEMYC-ի Գործադիր կոմիտեի 129-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես է եկել DEMYC-ի ՀՀԿ-ական փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը:




























