Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները:

Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:

Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: