Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության աշխատակիցների 30%-ը ներկայում կանայք են, եւ ոչ ոք դա աննորմալ փաստ չի համարում: Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում այս մասն հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ներկայացնելով նախօրեին Լոնդոնում կայացած «Ապագայի կանայք» խորագրով միջազգային համաժողովի արդյունքները, որին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ են մասնակցել:

Պատասխանելով հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր են պետք՝ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու համար, դեսպանը նշել է. «Կրթությունը մեծ նշանակություն ունի, քանի որ դա կարեւոր գործոն է վստահության ամրապնդման համար: Մի քանի ամիս առաջ լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես եմ դիվանագետ դարձել, քանի որ դա կնոջ գործ չէ: 1970-ականների սկզբին բրիտանացի կին դիվանագետները ստիպված էին լինում ամուսնանալուց հետո հրաժարվել պաշտոնից: Բայց հիմա մեր ԱԳ նախարարության աշխատակիցների 30%-ը կանայք են, եւ ոք ոչ դա աննորմալ չի համարում»: