Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան ՀՅԴ-ի կազմակերպած այսօրվա հանրահավաքին պարզաբանեց, թե ինչու դաշնակցությունը արտգործնախարարի հրաժարականից բացի չի պահանջում նաեւ նախագահինը։

Ըստ Ռուստամյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է ղեկավարում արտաքին քաղաքականությունը, նրան է վերպահված լինել գլխավոր բանակցողը եւ շահերի պաշտպանը, ուստի քանի դեռ կա հնարավորություն նպաստել սկսված գործի հաջողությանը եւ կանխել վերջնական նմանատիպ փաստաթղթի ստորագրում, նախագահի հրաժարականի պահանջը ներկա պահին տրամաբանական չի լինի։

Անդրադառնալով դաշնակցության կողմից արտգործնախարարի պահանջած հրաժարականին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ Սանկ-Պետերբեուրգյան հանդիպումից առաջ պահանջվող արտաքին գերատեսչության ղեկավարի հրաժարականը նպատակ ուներ կանխելու մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը։ «Եթե դա շարունակվեց, մենք կպահանջենք նաեւ նախագահի հրաժարականը»,- նշեց նա։

Դաշնակցական գործիչն ասում է, որ թեեւ ՀՅԴ-ին մեղադրում են Քոչարյանի վարած, այնուհետեւ նրա հետնորդ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության համար, այնուամենայնիվ այն ժամանակ եւ այսօր էլ Հայ հեղափոխական դաշնակցությունը շարունակում է մնալ ազգային հարցերի հետեւղական պաշտպանը։

Ռուսատմյանի համոզմամբ, առկա խնդիրների լուծման գլխավոր ուժերը պետք է լինեն արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունները։