Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի հիշողությունը կամաց- կամաց վերականգնվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:
«Ալբերտս սկսել է արդեն նախադասություններ էլ ասել, երբեմն նաեւ կարծես դեպքից է ինչ-որ դրվագներ հիշում, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ շատ չլարվի, որ իրեն վատ չզգա»,- ասաց տիկին Արմինեն:
Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Ավագ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից վերադարձել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան եւ հիմա վարձով է ապրում:




























