Յուրաքանչյուր եռակողմ հանդիպում հարկ է գնահատել դրական: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Մի կողմից, դա նպաստում է երկխոսության վերսկսմանը, մյուս կողմից յուրաքանչյուր նման հանդիպումից հետո, Ադրբեջանը մնում է իր նախկին վիճակում, եթե չասենք, որ ավելի արմատական է դառնում»,-ասաց Բեքարյանը, ով բացառում է, որ Հայաստանը պարտադրաբար իր համար ոչ հաճելի փաստաթուղթ կստորագրի:
«Այսօրվա ստեղծված իրավիճակը ինձ թույլ չի տալիս հավատալ դրան: Հնարավոր է համանախագահներն իրենց առաքելության ընթացքում փորձեն համոզել կողմերին կատարել որոշակի քայլեր, սակայն դրանից ոչ ավելի»,- նշեց Բեքարյանը:
Նրա կարծիքով հանդիպումը կարող երկու տեսակի արդյունք տալ:
«Կամ սա կդառնա Մանդորֆյան հռչակագրի յուրօրինակ շարունակություն, կամ էլ կողմերը կհասնեն որոշակի պայմանավորվածության, օրինակ` ուժ չկիրառելու սկզբունքի ամրապնդման գործում»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ ոչ մի հիմնավոր եւ արմատական փոփոխություն մտցնող պայմանավորվածություն ձեռք չի բերվի:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական դիվերիսային, Բեքարյանն ասաց, որ դրա շանսերը չեն նվազել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Նշենք, որ այս ձեւաչափով նախագահներն արդեն 7-րդ անգամ են հանդիպում, որից 3 հանդիպումը եղել է այս տարի:




























