Հայաստանում այսօր խաչակրած արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով, ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ «Ու որպես հետեւանք, թմբկահարվում է ամեն ինչում մեղավոր այդ «թշնամու» վնասազերծումը։ Չե՞ք նկատել։ Հաստատ նկատել եք։ Մարդիկ ահաբեկված են։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք դրա մասին»,- նշել է նա։
«Այո՛, պետական ապարատի բարեփոխում եւ չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Ամեն մարդ մի աշխարհ է։ Աշխարհն առանց այն էլ արդար չէ։ Մի՛ մթագնեք ու մի՛դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու»,- նշել է պատգամավորն ու հավելել. «Կառավարել, չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել։ Մեղք մի՛ գործեք, խնդրում եմ ձեզ. չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք»։





























