Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Աստանայում կայանալիք հանդիպումը դժվար թե որեւէ բան արմատապես փոխվի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հոկտեմբերի 27-ին ունեցած հանդիպումից հետո արված հայտարարությունը:
«Ի սկբանե հասկանալի էր, որ հանդիպումը բեկումնային չի լինի, սակայն կարելի էր ենթադրել, որ այնուամենայնիվ որոշ «մեսիջներ» կլինեին»,-նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ քանի որ Մեդվեդեւն անձամբ հանդիպումից հետո ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դեռեւս կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ոչ մի համաձայնություն չի եղել, ապա կոնկրետ որեւէ բեկում սպասել պետք չէ:
«Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի գագաթաժողովի ժամանակ ոչ մի լուրջ առաջընթաց չի գրանցվի: Հիմնաքարը լինելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի հարցում Հայաստանն ու Ադրբեջանն արմատապես տարբեր դիրքորոշումներ ունեն»,-ասաց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով, լավագույն դեպքում կստորագրվի հերթական հռչակագիրը, որը կգրանցի որոշակի վիճակ բանակցային գործընթացում: Այն նման կլինի 2008 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված Մայնդորֆյան հռչակագրին:
Հարցին, թե Ադրբեջանի դիրքորոշման եւ մեթոդների գործում որեւէ փոփոխություն կլինի՞, Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե Ալիեւը մինչեւ հիմա չի ընդունում Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ կողմերից ոչ մեկը չպետք է ուժ կիրառի, ապա 1-2 ամսվա ընթացքում նա չի փոխի իր դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Նշենք, որ այս ձեւաչափով նախագահներն արդեն 7-րդ անգամ են հանդիպում, որից 3 հանդիպումը եղել է այս տարի:




























