Հայ-թուրքական արձանագրությունները ներկայիս տեսքով չեն կարող ներկայացվել Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հուսամեթդին Ջինդորուկը։ Ինչպես հաղորդում է Habertürk-ը, նա հայտարարել է, որ «ազգամիջյան համաձայնությունը չի կարող պայմաններ պարունակել, և իրավաբանները պետք է հետազոտեն փաստաթուղթը»։
Միաժամանակ, ըստ թուրքական խորհրդարանի նախկին նախագահի, Թուրքիայի կառավարությունը Արձանագրությունների համաձայնեցման է գնացել «ԱՄՆ-ի հրահանգով»։ «Բարաք Օբամայի Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում կար մի պարագրաֆ, որը չի կարելի պարզապես խորհուրդ անվանել։ Ներկա իրավիճակը այդ պարագրաֆի շարունակությունն է»,- կարծում է Ջինդորուկը։
Ինչպես տեղեկացնում է APA-ն, Դեմկուսի առաջնորդի կարծիքով, Հայաստանի հետ հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնք պետք է լուծվեն շտապ կարգով. «Ի՞նչ կպատահի, եթե Հայաստանի նախագահը չժամանի Բուրսայում կայանալիք խաղին։ Եթե նա ժամանի, ապա խաղը կսկսվի նրա հարվածից հետո, թե՞ Սարգսյանն է դատելու խաղը։ Մենք չպետք է սխալ քայլեր անենք միայն այն բանի համար, որպեսզի Հայաստանի նախագահը ժամանի Թուրքիա», ասել է նա։




























