Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ լուծվել է երկար տարիներ ադրբեջանցի ժողովրդին հուզող խնդիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

Նա «դրական» է համարել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախագահների եռակողմ հանդիպման արդյունքը, որտեղ հռչակագիր է ստորագրվել ռազմագերիների ու զոհվածների աճյունները փոխանակելու մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ՝ ղարաբաղյան կարգավորման համար պետք է օգտագործել ցանկացած միջոց, ձեւաչափ եւ ձեւ: Պետք է քննարկվեն բոլոր առաջարկները, որոնք կմոտեցնեն հակամարտության կարգավորումը»,- ասել է Հասանովը՝ ալիեւյան կլանի պաշտոնյային անսովոր կառուցողականություն դրսեւորելով:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը, որի արդյունքում ստորագրել են համատեղ հռչակագիր:

«Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված  համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»,- ասված է հռչակագրում: