Առանց բացառության Ազգային ժողովի պատգամավորները մանդատ են ստացել  Սերժ Սարգսյանի որոշմամբ, սա ակնհայտ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

 «Եթե  Սերժ Սարգսյանը ցանկանար ոչ մեկին պատգամավոր չէր դարձնի, իրենք կարող են ընտրություններում 70 տոկոսը դարձնել դարձնել 30, ուր մնաց 6-7 տոկոսը չկարողանան 4,5 դարձնել, դրա համար էլ ասում եմ ՝ պատգամավորները  նշանակովի են:

Մեր իշխանությունները խելոք են այդ իմաստով, նշանակում են եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, հարմար ֆորմատով սկսում են քաղաքական գործընթացները: Հայաստանում ընտրություն գոյություն չունի, դա միջոցառում է, որի արդյունքները մեր առաջնորդի գրասենյակում են սահմանում՝ ով ինչքան պիտի ստանա: Մինչեւ ընտրություններն արդեն պարզ է դառնում ներսի եւ դրսի ազդեցության արդյունքում, ովքեր պիտի հայտնվեն Ազգային ժողովում, դրա համար Ազգային ժողովի գոյություն ունեցող ընդդիմությունն ինձ համար ընդդիմություն չէ»,-ասաց Սոս Գիմիշյանը: 

Գիմիշյանն ասել է, որ ինքը բացասաբար է վերաբերում Հայաստանում ընթացող ընտրություններին եւ կարծում է, որ այդ նախընտրական քարոզարշավի ժամանակը կարելի է օգտագործել գաղափարների քարոզչության օգտին:

«Ընտրությունների միջոցառմանը մասնակցելը այնպիսի հանցագործություն է, բայց կա մի առանցքային խնդիր, որ ընտրությունները հնարավորություն են տալիս մեկ ասմվա ընթացքում քարոզչություն իրականացնել եւ եթե քաղաքական ուժը ունի մոտեցումներ գաղափարներ՝ ինչպես Հայաստանը այս վիճակից դուրս բերել, կարող է օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա:

Նա  թվարկելով չորս խնդիր՝ Արցախի, Սփյուռքի, Արեւմտյան Հայաստանի եւ Հայաստանի, ընդգծել է, որ այս խնդիրների վերաբերյալ  մի խումբ կուսակցություններ ՀԿ-ներ ակտիվ անհատ քաղաքական գործիչներ չորս տարի շարունակ համագործակցում են «Հայք» ծրագրի շրջանակում եւ իր թվարկած խնդիրները լուծելու համար պետք է համատեղեն հայության ներուժը, հայկականության հիման վրա ստեղծել կառույցներ եւ այդ ներուժը տրամադրել խնդիրների լուծմանը:

Հենց այս քարոզն էլ իրականացնելու համար  վերոնշյալ ուժերի հետ կմասնակցեն ընտրական գործընթացներին՝ օգտագործելով  իրենց տրված հնարավարությունն ՝սկսած Հանրային հեռուստաընկերությունից:

«Եթե ես մի օր այս իշխանության օրոք ընտրվեմ պատգամավոր, ուրեմն ես գնացել դարձել եմ Սերժ Սարգսյանի հաճախորդը»,-ասել է Գիմիշյանը՝ շեշտելով, որ իրենք միայն ու միայն իրենց գաղափարները քարոզչական հնարավարության շրջանակում տարածելու համար են քննարկում ընտրություններին մասնակցելու հարցը: