Կանադայի Արտաքին գործերի նախարար Լոուրենս Քենոնը չորեքշաբթի օրը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը օգուտ կբերի ոչ միայն այդ երկու երկրների ժողովուրդներին ու քաղաքացիներին, այլև կնպաստի այդ անհանգիստ, սակայն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու զարգացմանը»,- հայտարարել է կանադացի նախարարը։

Կանադական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ վերջերս Ստամբուլում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ և հանդիպման ժամանակ ընդգծել է հայ-թուրքական երկխոսության կարևորությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան հայտնել էին Դիվանագիտակա հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման և սահմանների ապաշրջափակման վերաբերյալ արձանագրությունների նախաստորագրման մասին։