Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Իվան Տկաչենկոն հայտնվել է դատարանում` քաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության` Տկաչենկոն հոկտեմբերի 26-ին Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում վիճաբանության մեջ է մտել իշխանության ներկայացուցիչ Վոլոդյա Խլոյանի հետ եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

NEWS.am-ի հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Աբրահամյանը պնդեց, որ իր պաշտպանյալը բռնություն չի գործադրել քաղաքապետի նկատմամբ:

«Քաղաքապետարանի աշխատակիցները ծաղրել են իմ պաշտպանյալին` ուղարկելով այս սենյակից մյուս սենյակ: Տկաչենկոն էլ բարկացել է, մտել քաղաքապետի մոտ, աշխատողներն են խառնվել, փորձել են հանել սենյակից: Որեւէ բռնություն կամ վիճաբանություն չի եղել: Ասում են` կատարվածը կապ է ունեցել քաղաքապետի օրինական գործունեության հետ, բայց նման բան չկա. Իմ պաշտպանյալը պարզապես վրդովվել է քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերմունքից»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Նշենք, որ գործով նախաքննությունն օրերս ավարտվել է: