Այն, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատռգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մոտ անցյալում ինքը սակարկել, վիճարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը:
«Մենք այդ ընթացքում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տաընթերցումները, եւ այսօր ի դեմս այս փաստաթղթի ունենք այս իրավիճակը: Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են եւ մենք հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք ընտրել: Մենք հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դնելու»,-ասաց Փաշինյանը:
Նույն խնդրին անդրադարձավ նաեւ Էդմոն Մարուքյանը՝ նշելով. «Այո, երեք ուժերը, գործիչները տարբեր են, եւ յուրաքանչյուրն ունի իր անցած ճանապարհի պատմությունը: Բայց մեր տարբերությունները մեզ հզորացնում են, ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները եղել են մոտավորապես նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման եւ ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհին: Մենք քննադատվում էինք նաեւ նրա համար, որ չենք միանում: Մենք վեր կանգնելով քննադատություններից, սկսում ենք շատ կարեւոր նոր ճանապարհ: Ցանկացած տարաձայնություն շատ ավելի ցածր արժեք է, քան թե այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որով որոշել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով: Բացի այդ, այդ ուժերը համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ:





























