Պահեստազորայինները հաճախ չեն ներկայանում վարժական հավաքներին, եւ դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է  Հանրապետական զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

Քննարկմանը մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն առաջարկեց պահեստազորային պատրաստվածությունը լինի ոչ թե կամավոր, այլ պարտադիր. «Պահեստազորային պատրաստվածությունը պետք է լինի ոչ թե կամավոր, այլ պարտադիր: Մեր առջեւ դրված մարտահրավերը սերունդների մարտահրավեր է: Մեր թշնամու տեսակն այնպիսին է, որ չի փոխվելու եւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, պետք է սովորեցնենք դիմակայել դուխով, այլ ոչ թե թևաթափ լինել»:

Նրա խոսքով, եթե պահեստազորայինը իրեն հատկացված հագուստը տարավ տուն, պետք է իմանա, որ 2 տարի հետո դա իրեն նորից պետք է գալու, եւ թշնամին պետք է հասկանա, որ այս ժողովուրդը 100 տարի, 200 տարի հետո էլ միշտ պատրաստ է լինելու, եւ այլեւս չհամարձակվի ապրիլյան ավանտյուրան կրկնել:

Ի պատասխան պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց. «Արվում է ամեն ինչ եւ մեր կատարած աշխատանքը ուղիղ համեմատական է մեր հնարավորություններին: Մենք վարդագույն ակնոցներով չենք նայում, նայում ենք՝ ինչ է հնարավոր»:

Իսկ Թեւան Պողոսյանի դիտարկմանը, որ «Շանթ 2015» զորավարժությունը որևէ դաս չտվեց՝ ի տարբերություն ապրիլյան պատերազմի, Արա Նազարյանն ասաց, որ պետք չէ համեմատել ապրիլյան պատերազմն ու «Շանթ 2015» զորավարժությունները, քանի որ դրանք համեմատության եզրեր չունեն. «Հասկանալի է, որ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ավելի շատ խնդիրներ են վեր հանվում, քան զորավարժության»: