Մերի Մարգարյանի երեխան եղել է մեռելածին. սրտի բաբախ չկար, շնչառական ռեֆլեքսները բացակայում էին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի նեոնատոլոգ Գոհար Ահարոնյանը, որը 2015թ. հուլիսի 27-ին Մերի Մարգարյանի կեսարյան հատումից հետո եղել է վիրահատարանում եւ երեխայի նկատմամբ վերակենդանացման միջոցառումներ անել:
«Տասը րոպե վերակենդանացման միջոցառումներ ենք արել, որից հետո նկատվել է եզակի սրտի բաբախ, մենք շարունակել ենք վերակենդանացման միջոցառումները, որից հետո տեղափոխել ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հրավիրել ենք նյարդաբանի, ռեանիմատոլոգի կոնսուլտացիաներ: Երրորդ օրն արդեն երեխայի վիճակն ավելի վատացավ, կատարված ոչ մի միջոցառում չփրկեց երեխային»,- ասաց վկան:
Բժշկուհու խոսքով` նորածնի մոտ այս վիճակի պատճառը ներարգանդային որեւէ խնդիրն է եղել, որը խրոնիկ բնույթ է կրել. «Չէր կարող չորս- հինգ ժամ առաջ մոր մոտ առաջացած որեւէ խնդիրը նման հետեւանքի հանգեցներ: Կարող է` մոր հետ հղիության ժամանակ թոքաբորբ լինի կամ երկարատեւ վիրուսային հիվանդությունը, ինչն էլ վնասի երեխային»:
Դատարանը որոշեց հրապարակել Գոհար Ահարոնյանի նախաքննական ցուցմունքը, որովհետեւ էական հակասություններ կան: Վկան նախաքննական մարմնին պատմել էր, որ հուլիսի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում զգուշացվել է, որ սպասվում է կեսարյան հատում մոր կյանքի ցուցումով, անհաս պտղով, որի սրտի զարկերը դանդաղ են. «Անհաս պտուղ էր դուրս բերվել` առանց սրտի բաբախի, շնչառական ռեֆլեքսի եւ մկանային տոնուսի: Մինչեւ վիրահատությունը եղել է սրտի զարկի եզակի բաբախ, սկսել եմ վերակենդանացման միջոցառումներ»:
Դատարանում վկան նորից պնդեց, որ ինքը վերակենդանացման միջոցառումներ է արել, որովհետեւ երեխայի սրտի եզակի բաբախ է գրանցվել:
Նշենք, որ մինչ այս վկայի ցուցմունքը` «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ - գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը հայտնեց դատարանին, որ Մերի Մարգարյանին կեսարյան հատում է արվել, քանի որ երեխայի սրտի զարկի դանդաղում էր նկատվել, սակավաջրություն, իսկ մոր վիճակը ծանր էր գնահատվում: Պաշտպանական կողմը նեոնատոլոգից հետաքրքրվեց` հնարավոր է այդքան կարճ ժամանակահատվածում երեխայի սրտի կանգ գրանցվեր: Գոհար Ահարոնյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր վայրկյան կարող էր նման բան լինել:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ - գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:





























