ExxonMobil նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը ենթադրաբար կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշանակման մասին կհայտարարի դեկտեմբերի 13-ին։
The New York Times–ը մի քանի փաստ է ներկայացրել ապագա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մասին
Այսպես՝ Թիլերսոնը Թեքսասից է, Exxon ընկերությունում աշխատում է 41 տարի։ Նա կարիերան սկսել է ընկերությունում որպես արտադրության ինժեներ, իսկ հիմա զբաղվում է նավթային եւ գազային գործարքներով։ Նա դիվանագիտական հմտություններ է ձեռք բերել շատ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Նիգերիայի եւ Կատարի ղեկավարների հետ շփվելիս։ Թիլերսոնը ընկերական կապեր ունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա ազատ առեւտրի կողմնակից է, կլիմայի փոփոխությունը խնդիր է համարում, սակայն հարցերի մեծամասնության կապակցությամբ նրա դիրքորոշումը հայտնի չէ։
Ամերիկացի օրենսդիրների մոտ առանցքային հարցերից մեկը Ռուսաստանի հետ Թիլերսոնի հարաբերություններն են։
Սակայն, հեղինակները նշում են, որ պարոն Թիլերսոնը կարող է այլ դիրքորոշում զբաղեցնել Ռուսաստանի հարցում։ Նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցները սառեցրել են Արկտիկայում եւ Սիբիրի թերթաքարե հանքավայրերում Exxon–ի հորատման նախագծերը։ Թե ինչպես նրա նշանակումը կարող է ազդել Ուկրաինայում եւ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վրա, հարցականի տակ է մնում։





























