«Զարուհի Փոստանջյանը վստահաբար այսօր ու վաղը լինելու է ադրբեջանական թերթերի առաջին էջերում` որպես հերոս»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, խորհրդարանում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Փոստանջյանի ելույթները նորություն չեն մեզ համար, առաջին անգամ չէ, որ նա նման ելույթով է հանդես գալիս: Բոլորս միաբերան համոզում ենք, հորդորում, խնդրում, որ այսօր Արցախի Հանրապետությունը ճանաչելու ժամանակը չէ, բայց նա չորս անգամ ընդունման մասին նախագիծ է բերել խորհրդարան»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանը համոզված է նաեւ, որ եթե տարիներ անց իրեն հարցնեն, թե ինչով էր հայտնի այս 5-րդ գումարման Ազգային ժողովը, ինքը պատասխանելու է` թեմայից դուրս անիմաստ քննարկումներով: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` երբեք Իսրայելի խորհրդարանը բանակին վերսբերող հարցերն այնպես չի քննարկելու, ինչպես դա արեցին Հայաստանի Ազգային ժողովում:
«Խոսում եք կոռուպցիայից, ասում ենք` փակ քննարկումների ժամանակ քննարկենք: Եկեք քննարկենք այն, եթե անձամբ տվյալներ ունեք այդ մասին, ոչ թե լսել եք կանգառներում, սակայն չեք անում, որովհետեւ տեսախցիկ չկա, լրագրող չկա»,- ասաց նա:





























