«Ֆրանսիական զինված ուժերի կազմում հայտնվում է կիբերպաշտպանության իսկական շտաբ, որը կոչվելու է Comcyber ու ունենալու է 2600 աշխատակից»,- գրում է Le Monde–ի լրագրող Նաթալի Գիբերը։
«Տեղեկատվական պայքարի հարցերով իսկական զբաղվող այս վարչությունը գտնվելու է գլխավոր շտաբի ղեկավարի անմիջական ենթակայության տակ։ Կիբերպաշտպանության ֆրանսիական վարչությունը 2017-ի հունվարին ամբողջովին կփոխվի ու կթարմացվի, դեկտեմբերի 12-ին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը»,- ասվում է հոդվածում։
«Ամերիկյան Cybercom–ի ոճով ու նմանությամբ ստեղծված այս նոր շտաբը ընդգրկելու է տեղեկատվական ու պաշտպանական ծառայության բոլոր մարտական ստորաբաժանումները»,- գրում է հոդվածագիրը։
«2014-ի սկզբին պաշտպանության նախարարությունը նշել է, որ 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսավորումով նախատեսված է հինգ տարվա ընթացքում կիբերբանակ ստեղծել, դրանից 500 մլն-ը հատկացվելու է արդյունաբերական ու տեխնոլոգիական ներդրումներին։ Այսինքն այդ ոլորտում, որը «պետական առաջնահերթության» կարգին է դասվել, ջանքերը եռապատկվել են։
Այդ պայքարի հիմնական բնորոշում է «հակազդում ու չեզոքացում», ասել է Լե Դրիանը։
«Որոշակի նշանակետի ընտրությունից մինչեւ հակաքարոզչություն՝ տեղեկատվական պայքարն այսուհետ ինտեգրված է լինելու բոլոր ռազմական գործողություններին, առաջին հերթին ԻՊ դեմ իրականացվող գործողություններին», գրում է Գիբերը։
«Պատերազմական դրության դեպքում կիբերբանակը կարող է պատասխան գործողություն դառնալ ռազմական ագրեսիային, անկախ նրանից, դա կիբերհարձակում է, թե ոչ,- բացատրել է նախարարը, մանրամասն պատմելով ֆրանսիական հայեցակարգի մասին,- Մեր հարձակողական կիբերհնարավորությունները պետք է մեզ թույլ տան մուտք գործել մեր հակառակորդների համակարգեր ու ցանցեր, նրանց վնաս հասցնելու, նրանց ծառայությունները արգելափակելու, ժամանակավորապես կամ վերջնականապես նրանց չեզոքացնելու համար»։
«Նախարարը չի հիշատակել «չորրորդ բանակը», որը դարձել է ռազմածովային նավատորմի, ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի լրացումը, մինչդեռ շատերը նրան առաջարկում էին հենց այդպես վարվել։ Նա նաեւ չի մեկնաբանել այս ոլորտում Ռուսաստանին վերագրվող ապակայունացնող գործողությունները, մինչդեռ ֆրանսիացի փորձագետները անընդհատ բարձրաձայնում են Մոսկվայի ագրեսիվ գործելաոճի մասին։ Սակայն նա շեշտել է, որ «անհրաժեշտ է լրամշակել մեր պաշտպանական գործիքները»։Դրանից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան դեռ չի հասել ցանկալի մակարդակի»,- ամփոփում է Գիբերը։





























