ԱՄՆ օրենսդրությունում կատարված վերջին փոփոխություների հետևանքով ամերիկյան լրատվամիջոցները կարող են հայտնվել Սպիտակ տան անմիջական ենթակայության ներքո, հայտնում է Politico–ն։
Անցած շաբաթ ընդունված ազգային պաշտպանության մասին օրենքում կան դրույթներ, որոնք նախատեսում են Հեռարձակման հարցերով կառավարիչների խորհրդի (BBG) լուծարում։ Խորհուրդը վերահսկում է «Ամերիկայի ձայն», «Ազատ Եվրոպա», «Ազատություն», «Ազատ Ասիա», Կուբայում հեռարձակվող «Ռադիո Մարտի» ռադիոկայանները ո ւ նույնանուն հեռուստաընկերությունը ու մի շարք այլ հեռարձակող ընկերություններ, որոնք Մերձավոր արեւելքի լսարանի համար են աշխատում։
Խորհուրդն անկախ կառավարական գերատեսչություն է, որը իրականացնում է հսկողություն ԱՄՆ բոլոր քաղաքացիական միջազգային լրատվամիջոցների նկատմամբ։ Հիմա դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի ոմն միասնական կառավարչի, որին նախագահն է նշանակելու։
«Կոնգրեսը, ինքն էլ չհասկանալով, Դոնալդ Թրամփին է փոխանցում անսահմանափակ հսկողություն բոլոր ամերիկյան լրատվամիջոցների նկատմամբ։ Ոչ մի նախագահ, լինի դեմոկրատ, թե հանրապետական, չպետք է նման հսկողություն ունենա»,- ասել է Մայքլ Քեմփները, Խորհրդի դեմոկրատ անդամը, որին նշանակել է գործող նախագահ Բարաք Օբաման։
Այս պահին Խորհրդում չորս հանրապետական ու չորս դեմոկրատ պաշտոնյաներ են։ Politico-ն նշում է, որ նման փոփոխությունները մտահոգություն են առաջացրել նրանց շարքերում, քանի որ նրանք վախենում են, որ Թրամփն ու նրա կողմնակիցները կփոխեն գործակալության դիրքորոշումը ու այն ավելի բարեհաճ կդարձնեն Ռուսաստանի նկատմամբ։





























