Մեծ Բրիտանիայում տղամարդը խեղդել է 6-ամյա դստերը եւ սպանել 2 շներին։  Այս մասին հայտնում է Daily mail–ը։

6-ամյա Կեյժա Ֆլաքս-էդմոնդսի հայրը՝ 44-ամյա Դարենը,  ջրախեղդ է արել դստերը լոգարանում, այնուհետեւ մարմինը տեղափոխել ննջասենյակ։

Պարբերականի փոխանցմամբ՝ Դարենը սպանել է նաեւ թերրիեր ցեղատեսակի  2 շներին։ Կեյժայի անկենդան մարմինը գտել են իր սիրելի շնիկների՝ Արնի եւ Մաքսիմուսի կողքին։ Կենդանիների դիերը նույնպես ամբողջովին թաց էին. ենթադրվում է, որ Դարենը նրանց եւս ջրախեղդ է արել։

Հայտնի է, որ Դարեն Ֆլաքս-էդմոնդսը, կնոջ բացակայության ընթացքում խնամում էր դստերը։ Ամուսնուն եւ դստերը մենակ թողնելուց 25 րոպե անց կինը՝ Նիկկին, Դարենից հաղորդագրություն էր ստացել, որը սկսվում էր «շնորհավորում եմ»  եւ վերջանում էր «Դու ինձ ձեռնունայն թողեցիր, ես քեզ հետ թողնում եմ միայն հիշողություններ» տողերով։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Դարենը հոգեբանի հետ խոսել է իր ունեցած մղձավանջների մասին, որոնցում սպանում էր կնոջը եւ դստերը։

Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո կինը զանգահարել էր ոստիկանություն։ Ոստիկանությունը երեխայի եւ կենդանիների մարմինները գտել էր անկողնում, իսկ մարդասպանին, որը կատարվածից հետո ինքնասպան էր եղել, հայտնաբերել էին կախված վիճակում։