ՍԾՏՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդում ՀՀ ԱԳ փոխնախարարը «տեղն է դրել» ադրբեջանցի գործընկերոջը:
ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին Բելգրադում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 35-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Սերբիայի Հանրապետության 6-ամսյա նախագահության արդյունքները:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով իր ելույթում նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը, ելնելով ՍԾՏՀԿ կողմից նոր ընդունված տնտեսական ռազմավարության դրույթներից, ինչպես նաեւ սեփական տնտեսական հետաքրքրություններից, շարունակում է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման ուղղությամբ:
Նախարարական այս հանդիպմանը որպես համագործակցության առաջնային ոլորտներ նշվեցին տնտեսական զարգացումն ու առեւտուրը, տրանսպորտը եւ արտակարգ իրավիճակները, զբոսաշրջությունը, մշակույթն ու առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները եւ այլն:
Կարեւորվեց նաեւ ՍԾՏՀԿ գործունեության բարելավման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով կազմակերպության ինստիտուցիոնալ ներուժի արդյունավետ եւ նպատակային օգտագործումը:
Ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիեւի ելույթում հնչեցված անհիմն մեղադրանքների, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են: Աշոտ Հովակիմյանն ընդգծեց նաեւ, որ ՍԾՏՀԿ-ն այն հարթակը չէ, որտեղ, ներքաղաքական դրդապատճառներից ելնելով, կարելի է փորձեր կատարել խեղաթյուրված ներկայացնել եւ քննարկման առարկա դարձնել հարցեր, որոնք որեւէ կապ չունեն կազմակերպության մանդատի հետ:





























