Հիմքեր չկան ենթադրելու, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրել նախատեսող ՆԱՏՕ-ի որոշումները չեն իրականացվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո, Ռուսաստանի սահմանի երկայնքով ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի աճը շարունակվում է, եւ Մոսկվան դրան համարժեք կարձագանքի, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է  Ռուսաստանի ԱԳ նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանում ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ ինչ-որ առաջընթաց ակնկալո՞ւմ են Թրամփի պաշտոնավարումը սկսելուց հետո, ռուս դիվանագետը դժվարացել է պատասխանել: «Այժմ չափազանց դժվար է ասել, թե ինչ կլինի եւ ինչ չի լինի: Ես այդ հարցում պատրաստ չեմ ոչ գուշակելու, ոչ կանխատեսելու»,- ասել է Կելինը:
Միեւնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ներկայումս գործում են դաշինքի որոշումները, որոնք փաստացիորեն սառեցրել են ռազմական գծով Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի աշխատանքը: