Գագիկ Ծառուկյանի գրասենյակն արձագանքել է մամուլի տեղեկություններին, ըստ որի Ծառուկյանը շրջում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան պատկանող պետհամարանիշներ ունեցող մեքենայով:

«Արձագանքելով մամուլում եւ համացանցում վերջին օրերին շրջանառվող հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական, տնտեսական եւ գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական եւ մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության եւ հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։

Հարաբերությունների հենց այս բարձր մակարդակը թույլ է տվել փոխադարձ համաձայնությամբ, օրենքի սահմաններում դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենան տրամադրել Գագիկ Ծառուկյանին՝ շահագործման համար։

Ներողություն ենք հայցում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից՝ անձամբ դեսպան Իգոր Նազարուկից, հույս ունենալով, որ մամուլի վերջին օրերի

հրապարակումները եւ կեղծ մեղադրանքներն, ուղղված դեսպանատանը, որեւէ դեպքում չեն ազդի Հայաստանի եւ Բելառուսի բարձր մակարդակի հարաբերությունների վրա»,-ասված է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին Գյումրի կատարած այցելության ժամանակ եղել է «Range Rover» տեսակի ավտոմեքենայով, որի պետհամարանիշները եղել են դիվանագիտական: Պարզվել է, որ «36 D009 AM» պետհամարանիշը պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանի խորհրդական Վադիմ Միխաիլովը հրաժարվել է մեկնաբանել այդ փաստը:

Armtimes.com-ի տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի դեսպանատունը, օգտվելով դեսպանատների անմաքս ներմուծման արտոնությունից, թանկարժեք մեքենա է ներկրում Հայաստան, որը հայտնվում է Գագիկ Ծառուկյանի տրամադրության տակ: «Տարիներ առաջ էլ ներկրվել է «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա, որի գինը մոտ 1 մլն դոլար է եղել: Հաշվի առնելով, որ թանկարժեք մեքենաների մաքսազերծման արժեքը կազմում է մեքենայի մոտ 30 տոկոսը, ստացվում է, որ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը խնայել է 300 հազար դալար: Ի դեպ, Ծառուկյանը 2012 թվականին հայտարարագրել է երկու հատ «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա: Որոշ դեպքերում դիվանագիտական համարանիշներով մեքենաների վարորդները գրանցվում են դեսպանատներում որպես աշխատակիցներ, որպեսզի հնարավոր ՃՏՊ-ների ժամանակ ամեն բան օրինականության սահմանում լինի:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Լուկաշենկոն երեւանյան այցերի ժամանակ հյուրընկալվում է Ծառուկյանի տանը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունն էլ 2014 թվականին Երեւան քաղաքից տեղափոխվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ գտնվում են Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները:

Հետաքրքրականն այն է, որ Լուկաշենկոյին Երեւանում սպասարկող զրահապատ Մերսեդես ավտոմեքենայի պետհամարանիշներն էլ հայկական են: Աբովյանում Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման ժամանակ Լուկաշենկոն եկել էր «183 UU 01» պետհամարանիշով մեքենայով»,-գրել է թերթը: