Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռեւս չի քննարկել իր համամասնական ընտրացուցակի մանրամասները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Չի քննարկվել նաեւ այն հարցը, թե ՀՀԿ-ն նախընտրական կոալիցիա կկազմի եւ ում հետ, հավելեց նա: Իսկ ընդհանուր առմամբ, կուսակցությունը կարող է անցնել նախկին ճանապարհով. նրա համամասնական ցուցակում կարող են հայտնվել նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ, որոնք աջակցում են ՀՀԿ առաջնորդի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերին: Շարմազանովի հավաստիացմամբ՝ կուսակցությունում համամասնական ցուցակի առաջին տեղերի համար մրցակցություն կա, սակայն թշնամանք եւ վիճաբանություն չկա: «Առողջ մրցակցությունը առաջընթացի հայրն է: Իսկ ժողովրդավարությունը առանց ներկուսակցական առողջ մրցակցության նոնսենս է»,- հավելեց նա: