Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանի աշխատանքի հարցն այդպես էլ չի լուծվել: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Երանոսյանը նշեց, որ մինչեւ Նոր տարի հույս էլ չունի, որ աշխատանք կունենա: Ծանր սոցիալական պայմաններում ապրող Արմենը նշեց, որ իր մոր հետ Նոր տարին ստիպված է դիմավորել առանց գումարի:
«Սրանից առաջ 80 հազար դրամանոց աշխատանք էին առաջարկում, հիմա դա էլ չկա: Արդեն աշխատանքի մասին խոսք լինել չի կարող, ես շատ վատ վիճակում եմ հայտնվել»,-ասաց նա:
Արմեն Երանոսյանը նշեց, որ մի քանի օրից Վարդենիսից նորից գալու է Երեւան՝ իր բողոքն արտահայտելու կառավարության դիմաց:
Ավելի վաղ Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կառավարությունից ոսկու հանքի տնօրինությանը հանձնարարական է տրվել՝ իր աշխատանքի խնդիրը շուտափույտ լուծել: Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:
Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է: Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:





























