«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ տեսակետին, թե ԼՂ խնդրի կարգավորումը միայն Ռուսաստանի ձեռքերում է: Այս մասին նա ասաց հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրներն էլ միասին են մասնակցում Ղարաբաղյան բանակցություններին եւ նրանք բոլորն էլ ճանաչել են այս կամ այն պետական միավորի անկախությունը»,- նշեց նա:

Հարցին, թե դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հարցում կգա՞ն ընդհանուր հայտարարի, ինչի հույսը հայտնել էր Դմիտրի Մեդվեդեւը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողով կամ այդ գագաթաժողովի ժամանակ ինչ-որ «առաջընթաց» արձանագրվի «մադրիդյան» սկզբունքների հիմքի վրա, ապա մեր փակուղին ավելի ակնհայտ կդառնա: Եթե որեւէ «առաջընթաց» արձանագրվի մադրիդյան սկզբունքների հիման վրա, ավելի կսրվի Հայաստանի ներքին իրավիճակը եւ դեմ հանդիման կկանգնենք իշխանափոխության` բոլոր առումներով»: