Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած Նաիրա Աբգարյանի հարազատները վճռական են տրամադրված: Թեեւ ամուսնու ընտանիքը հայտարարել է, որ որեւէ բողոք չունի, ավելին, բժշկական թերություն չկա, ծննդկանի բարեկամները հակառակ են պնդում:
«Մենք առաջին օրվանից բողոքում ենք, հայտարարում ենք, որ եղել է բժշկական սխալ, Նաիրան որեւէ խնդիր հղիության ընթացքում չի ունեցել, ոչ մի բարդություն, նա մինչեւ 7 ամսականն աշխատել է, դրանից հետո էլ ոտքի վրա է եղել, կեսարյան հատումից օրեր առաջ էլ երեխաների համար գնումներ էր կատարում: Նաիրան մահացել է հետվիրահատական արյունահոսության հետեւանքով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին Նաիրա Աբգարյանի հարազատները` նշելով, որ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:
Մահացած ծննդկանի բարեկամներին վրդովվեցրել է նաեւ նրա ամուսնու եւ ընտանիքի դիրքորոշումը: Նշենք, որ Նաիրա Աբգարյանի ամուսնու քույրը` Գայանե Գրիգորյանը, ասել էր, https://news.am/arm/news/341268.html որ իրենց ասել են, թե Նաիրան արյան մակարդելիության հետ կապված խնդիր է ունեցել, փոքրամարմին է եղել, 40-ն անց, երկու պտուղն էլ՝ մեծ, ինչն էլ նման ողբերգական ավարտի է հանգեցրել. «Մենք էլ վստահեցինք, ճիշտն ասած, եթե բողոքեինք, հո Նաիրային հետ չէի՞նք բերելու: Հիմա լինելու բանը եղել է, ամեն դեպքում, 40-ից հետո բոլորս էլ գիտենք, որ հորմոնները փոխվում են, ուրիշ ընթացք են ստանում եւ շատ հնարավոր է, որ հորմոնների խանգարում է իր մոտ եղել»:
Հարազատները տարակուսած են` արդյոք ճիշտ էր ամուսնու ընտանիքի կողմից նման անպատասախանատու հայտարարություններ հրապարակել մամուլում` չիմանալով կատարվածի իսկությունը: Հարազատների խոսքով` իրենք այդ օրերին այս մեծ անհաղթահարելի վիշտը և ցավը ստներում ձեռնպահ են մնացել մամուլում հրապարակումներ անելուց, փորձելով հասկանալ իրականությունը:
«Ի՞նչ եք կարծում` քույրս լինելով առողջապահական համակարգի լավագույն մասնագետներից, ունենալով խորը բժշկական գիտելիքներ, արդյոք կգնար գիտակցված մահվան, եթե ունենար «բարդացած հղիություն», ինչպես նշում է Աշոտ Սիրունյանը: Ցավում եմ, որ Նաիրայի հիանալի բժշկական գիտելիքները, իր մարդկային լավագույն որակները և լավատեսությունը կյանքի նկատմամբ անզոր գտնվեցին մարդկային անտարբերության հանդեպ: Մեզ թույլ չեն տալիս երեխաներին տեսնել, որովհետեւ մենք բողոքում ենք, սակայն մենք անդրդվելի ենք, գնալու ենք մինչեւ վերջ… Նաիրան այնքան վեհանձն էր, որ մտավ այդ ընտանիք, նա ամեն ինչ անում էր, որ այդ ընտանիքը հասկանա, որ պետք է աշխատել ու ապրել: Նաիրան ամեն ինչ անում էր նրանց համար, իսկ այսօր նույնիսկ Նաիրայի գերեզման չեն այցելում, մեզ էլ երեխաներից են զրկում, բայց իրենք երեխաների անվան տակ գումար են հավաքում, ինչն անթույլատրելի է մեզ համար».,- նշեցին մահացած ծննդկանի հարազատները:
Նշենք, որ Նաիրա Աբգարյանի ամուսնու ընտանիքը իրավապահ մարմիններին գրավոր հայտնել է, որ իրենք որեւէ բողոք և պահանջ չունեն բժշկից. «Զերծ կմնամ որակումներից, թողնում եմ հասարակության դատին»,- հավելեցին հարազատները:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տարեկան ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանում հետծննդյան արյունահոսության պատճառով ծննդկանների մահվան բոլոր երեք դեպքերում գործ ունենք բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ: Նրա խոսքով՝ մայրական մահվան յուրաքանչյուր դեպքով Առողջապահության նախարարությունում հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք իրենց աշխատանքը կատարել են, հայտնաբերվել են թերությունները, որոնք կապված են վարման եւ բուժման հետ: «Մենք բոլոր ծննդատներ շրջաբերական ենք ուղարկել, որում նշել ենք, որ գոյություն ունի քայլերի հերթականություն, որոնք իրականացման համար պարտադիր են: Մենք տեղերում ուսուցման նոր դասընթացներ ենք սկսել ըստ կլինիկական այն ուղեցույցների, որոնք իրականում կան: Այս դեպքերում, դրանցից առնվազն երկուսում, մենք գործ ենք ունեցել բուժանձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ, որը կարող էր այդպիսի բարդությունների՝ արյունահոսության եւ մահվան հանգեցնել»,- նշել էր փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Ըստ «Շենգավիթի» պարզաբանման՝ ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման եւ կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է: Ծննդկանի քույրը, սակայն, հակառակն է պնդում. «Շենգավիթ« ԲԿ-ում արյուն չի եղել, իրենց ուղարկել են արյուն բերելու: Քույրը պահանջում է, որ քննություն անցկացվի, պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է մահացել իր միակ հարազատը: Վիրահատող բժիշկն Աշոտ Սիրունյանն է եղել:





























