Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հոկտեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ հույս հայտնել, որ հայ-իսրայելական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում առավել կամրապնդվեն ու կզարգանան: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պատմական խորը արմատներ եւ ճակատագրի բերումով բազում ընդհանրություններ ունեցող երկու հինավուրց ժողովուրդները պարտավոր են սերտ հարաբերություններ եւ ակտիվ համագործակցություն ունենալ թե՜ քաղաքական, ե՜ւ թե տնտեսական ու մշակութային ոլորտներում:
Դեսպան Շմուել Մեյրոմը վստահեցրել է, որ կանի առավելագույնը, որպեսզի երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատումից հետո ձեւավորված լավ հարաբերությունները զարգանան, քանի որ Իսրայելն այդ հարաբերությունները ցանկանում է դարձնել գերազանց: Դեսպանի խոսքով, ընդհանրությունների շարքում ունենալով նաեւ պատմականորեն ձեւավորված մեծաթիվ սփյուռք եւ ձգտելով տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության` Հայաստանն ու Իսրայելը համագործակցությամբ կարող են շատ բան անել այդ նպատակներին հասնելու համար:




























