«Ազատամարտիկների դաշինքը» 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսին կսատարի այն դեպքում, եթե մի քանի ուժերի հետ միասնական դաշինքով մասնակցեն ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջակատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
«Ազատամարտիկների դաշինքը որեւէ քաղաքական ուժի կողքին չի կանգնի: Մենք հայտարարել ենք, որ կանգնելու են միավորված ընդդիմության կողքին, որ աջակցենք, որ կայանա էդ կառույցը: Եթե կուսակցությունները առանձին գնան, արդեն իսկ մենք կհայտարարենք, որ մեր դաշինքում ամեն անհատ իր դիրքորոշմամբ քվեարկի: Մեր դաշինքի մեջ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան` Կոնգրեսին, ՀՅԴ-ին հարողներ կան: Իսկ մենք ընդհանուր որդեգրել ենք մի քաղաքականություն, որ միավորենք այդ թեւերին, որ միասնական թիմով հանդես գան: Եթե միասնական թիմ չի ձեւավորի մինչեւ ընտրությունները, կասենք` դաշինքի յուրաքանչյուր անդամ ազատ է իր դիրքորոշման մեջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ազատամարտիկների դաշինքը» ժամանակին իր աջակցությունն էր հայտնել ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» դաշինքին, սակայն 2015 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացվեց քաղաքական դաշտից, ազատամարտիկները եւս լքեցին ակտիվ քաղաքականությունը:
Դաշինքի վարչության անդամները դեկտեմբերի 17-ին մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսի համագումարին, որից հետո Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ դեռ վաղ է հստակ ասել` ՀԱԿ-ին սատարելու են, թե ոչ. «Մենք մասնակցում էինք համագումարին, որ հասկանայինք` ինչով կարող ենք աջակցել, որ կարողանան գլխավոր նպատակի շուրջ հավաքվել: Առանց միավորման հնարավոր չէ մեր երկրում բան փոխել, առանձին-առանձին կարող է պառլամենտում կարողանան ներկայացուցիչ ունենալու խնդիրը լուծել, բայց իշխանություն փոխելու հավանականություն չկա: Դրա համար մենք կողմ ենք, որ երկրում արմատական փոփոխություն լինի»:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ի դեպ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ելույթից գոհ չէր: Ասաց` իր համար անգամ 1 մմ հողը արժեք է, որի համար զոհվել են իր ընկերները:





























