Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանին, սպանելու գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ տուժող, եւ պաշտպանական կողմը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջում է խստացնել ամբաստանյալ Արման Կատունյանին վերջնական 2 տարի 7 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը:

Կատունյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն էլ պահանջում են իրենց պաշտպանյալին ճանաչել անմեղ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում, իսկ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասով նշանակել արդարացի պատիժ` կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդված:

Նշենք, որ Արման Կատունյանին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 3 տարի 3 ամիս ազատազրկման: Հաշվի առնելով, որ նա շուրջ 6 ամիս գտնվել է անազատության մեջ, վերջնական պատժաչափ է սահմանվել 2 տարի 7 ամիսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։

Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։

Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։