ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իրավապահներին է ներկայացել համաներման որոշմամբ նախատեսված ժամկետից՝ հուլիսի 31-ից հետո, միայն այն պատճառով, որ ցանկանում է ապացուցել, որ բացարձակ անմեղ է եւ համաներումը չէ, որ իր ներկայանալու համար խթան պիտի հանդիսանա: «Խաչատուր Սուքիասյանը նախկինում 2 անգամ հայտարարություն է արել, որտեղ նշել է, որ համաներումը չէ, որ իր ներկայանալու համար խթան է հանդիսանալու, քանի որ ինքը բացարձակ անմեղ է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը:

Վերջինս նաեւ ընդգծեց, որ նախաքննական մարմինը պարտավոր է 72 ժամվա ընթացքում կալանքը երկարաձգելու միջնորդությամբ դիմել դատարան: «72 ժամվա ընթացքում՝ հաշված երեկվա ժամը 3-ից»,- մանրամասնեց Արթուր Գրիգորյանը եւ հավելեց, որ դիմելու դեպքում Սուքիասյանի հարցը քննելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը: Արթուր Գրիգորյանը նաեւ նշեց, որ իրենք ձգտելու են առաջին ատյանի դատարանում հասնել Սուքիասյանի ազատ արձակմանը՝ քննիչների միջնորդությունը մերժելու կամ գրավ կիրառելու միջոցով, իսկ եթե «դատարանը բավարարի միջնորդությունը, իրենք անպայման բողոքարկելու են այն»:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետախուզման մեջ էր 2008թ. մարտի 4-ից, եւ երեկ կեսօրին է ինքնակամ ներկայացել իրավապահներին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում): Խաչատուր Սուքիասյանի դեմ հալածանքներ սկսվեցին, երբ նա հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին: