N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կարեն Անդրեասյանը եւ պայմանագրային զինծառայող Մելիք Վարդիկյանը մեղադրվում են զորամասից հափշտակություն կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, տեխնիկական մասի պետ, փոխգնդապետ Կարեն Անդրեասյանն իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, կազմակերպել եւ ղեկավարել է 2016թ. ապրիլին եւ մայիսին նույն զորամասի պայմանագրային զինծառայող Մելիք Վարդիկյանի կողմից զորամասի ավտոհավաքակայանում կայանված ինժեներական տեխնիկայից 440 լիտր դիզելային վառելիքի գաղտնի հափշտակություն:

Կարեն Վաչագանի Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մելիք Վարդիկյանին` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: