Թունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են Բեռլինի ահաբեկչության իրականացման մեջ, դեռ մի քանի ամիս առաջ իսլամիստներին առաջարկել էր իրեն օգտագործել որպես մահապարտ ահաբեկչի։ Այս մասին գրում է Der Spiegel–ը՝ վկայակոչելով ծայրահեղականին հետեւող հատուկ ծառայությունների տվյալները։ Սակայն այդ տեղեկությունը բավարար չի եղել տղամարդուն ձերբակալելու համար։

Իրավապահները կարողացել են նաեւ պարզել, որ նա կապ է ունեցել ԻՊ ահաբեկչական խմբավորման գերմանական բջիջների հետ, որոնց իշխանությունները մի քանի շաբաթ առաջ ոչնչացրել էին։ Ոստիկանության տվյալներով՝ իսլամիստ–սալաֆիների խումբը կարողացել է Սիրիա ուղարկել տասնյակ գրոհայինների։

Անիս Ամրիին Գերմանիայից վաղուց պետք է արտաքսեին, սակայն դա չէր արվել Գերմանիայի եւ Թունիսի իշխանությունների միջեւ անհամաձայնության պատճառով։ Թունիսի իշխանությունները հայտնել են, որ Ամրին իրենց քաղաքացին չէ եւ հրաժարվել են նրան անձնագիր տրամադրել։ Ի վերջո փաստաթղթերը Գերմանիա էին եկել միայն դեկտեմբերի 21-ին՝ ահաբեկչությունից մեկ օր անց։