Բելառուսի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոք է ներկայացրել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշոտնիկովի խոսքի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

2016-ի դեկտեմբերի 22-ին Բելառուսի ԱԳՆ են կանչել Բելառուսում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վադիմ Գուսեւին, հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք են հայտնել Ռեշոտնիկովի արտահայտությունների կապակցությամբ։

«Բելառուսական կողմը սկզբունքային գնահատական է տվել այդ անհիմն ու կտրականապես անընդունելի հայտարարություններին։ Դրանք բոլորովին չեն համապատասխանում ռուս- բելառուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին, նաեւ այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր եղբայրական պետությունների համագործակցությունը՝ հարգանք ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ լրատվամիջոցների Ռեշոտնիկովը հայտնել էր, որ բելառուսերենը ստեղծվել է 1926-ին ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի որոշումով, իսկ անկախ Բելառուսի գոյությունը «խեղում է պատմությունը»։

Ավելի վաղ Բելառուսի տեղեկատվության նախարար Լիլիա Անանիչը Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել միջոցառումներ ձեռնարկել որոշ տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դնում հանրապետության ինքնիշխանությունը։