Շվեյցարական Credit Suisse բանկը համաձայնել է 5.3 մլրդ դոլար վճարել ԱՄՆ իշխանություններին 2008-ի համաշխարհային ճգնաժամից առաջ արժեթղթերի վաճառքի ժամանակ խախտումներ թույլ տալու համար, փոխանցում է BBC–ն։

Բանկը ԱՄՆ արդարադատության նախարարությանը 2.48 մլրդ դոլար կվճարի որպես տուգանք, եւ 2.8 մլրդ դոլար էլ՝ որպես հաճախորդների կրած վնասի փոխհատուցում, ասված է բանկի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank–ը համաձայնել էր ԱՄՆ արդարադատության նախարարությանը 7.2 մլրդ դոլար վճարել համանման խախտումների համար։

Նախարարությունը կարծում է, որ 2 բանկն էլ եղել են այն վարկային հաստատությունների թվում, որոնք 2008-ի համաշխարհային ճգնաժամից առաջ նվազեցրել են արժեթղթերի ռիսկի գնահատականները։