Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտասովոր ոչինչ չի տեսնում Վաշինգտոնի միջուկային զինանոցի ամրապնդման մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունում, սակայն խոստովանում է, որ իրեն զարմացրել են ԱՄՆ բանակի հզորության մասին գործող վարչակազմի հայտարարությունները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Ինչ վերաբերում է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին, ապա այստեղ որեւէ նորություն չկա: Նա իր նախընտրական արշավի ընթացքում խոսել է ԱՄՆ միջուկային զինանոցի ամրապնդման անհրաժեշտության, զինված ուժերի ամրապնդման մասին, այստեղ արտասովոր ոչինչ չկա»,- ամենամյա ասուլիսի ընթացքում ասել է Պուտինը:

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ն պետք է զգալիորեն ամրապնդի եւ ընդլայնի միջուկային սպառազինությունների ոլորտում հնարավորությունները:

«Անկեղծ ասած՝ ինձ զարմացնում են գործող վարչակազմի պաշտոնատար այլ անձանց հայտարարությունները, որոնք, չգիտես ինչու, սկսել են ապացուցել, որ ԱՄՆ-ի զինված ուժերն ամենահզորն են աշխարհում: Ոչ ոք չի վիճում»,- նշել է ՌԴ նախագահը: