Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության գրավված օդանավում, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում, 111 ուղեւոր կա։ Մալթայի վարչապետը հայտնել է, որ օդանավում գտնվում է 82 տղամարդ, 28 կին եւ 1 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։
Times of Malta–ն հայտնում է, որ Սեբհի–Տրիբոլի չվերթն իրականացնող օդանավը գրավել են 2 անհայտ անձ, որոնք պնդում են, որ զինված են նռնակներով։ Reuters–ի փոխանցմամբ օդաչուն փորձել է վայրէջք կատարել Լիբիայում, սակայն զավթիչները թույլ չեն տվել։ Այս պահին զինծառայողները շրջապատել են օդանավը։
Sky News–ը տեղական հեռուստաընկերություններին հղումով հայտնում է, որ զավթիչների մոտ ոչ թե մեկ նռնակ է, այլ մի քանի։
Times of Malta–ի փոխանցմամբ՝ չարագործների հետ բանակցում է Լիբիայի տրանսպորտի նախարարը։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ուղեւորներին ազատ են արձակել, սակայն այս տեղեկությունը դեռ հաստատված չէ։





























